Հետախուզությունը ամեն ինչ տեսնում և լսում է. ՊՆ խոսնակը` առաջնագծում կուտակումների մասին
Առաջնագծի տարբեր ուղղություններում նկատվող հակառակորդի զինուժի կուտակումներ,ն ու ակտիվ տեղաշարժը նախորդին նման չէ. Այս անգամ բավականին մեծ զորաշարժի մասին է խոսքը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով երեկ ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հակառակորդի զինուժի կուտակումների մասին:
«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում և լսում է: Եթե չիմանար այդ մասին հետախուզությունը, համապատասխան հայտարարություններ չէին լինի», -ասաց ՊՆ խոսնակը` պատասխանելով հարցին, թե արդյոք գիտե հետախուզությունը կուտակումների մասին:
Այդուհանդերձ ՊՆ խոսնակը չբացահայտեց, թե որքան միավոր զինտեխնիկա է կենտրոնացրել հակառակորդն առաջնագծում` պատճառաբանելով, թե դա գաղտնի է:
«Հետախուզությանը կարելի է ինչ-որ հարցերում մեղադրել, բայց չի կարելի անընդհատ ասել` էս հարցում թերացել է, էս բանը էն չի արել, և այլն: Հերիք է մենք էդպես շեշտադրենք: Չորսօրյա մարտական գործողությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի քայլեր, այնպիսի մարտական դրվագներ, որ հետախուզության շնորհիվ է եղել, և կանխարգելիչ այնպիսի հարվածներ են հասցվել, որ մարտական գործողությունները կարող էին այլ ընթացք ստանալ, եթե չլինեին հետախուզության տվյալները», -հավելեց ՊՆ խոսնակը:
Հարցին, թե արդյոք թիկունքում փոխզիջումների մասին խոսակցությունները չե՞ն ազդում զինվորի ոգու վրա, Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ զինվորը «ամեն ինչ գիտի», բայց միևնույնն է` իր մարտական ոգին բարձր է:
«Լինելով շատ տեղերում, տեսնելով զինվորների ու սպաների բարձր մարտական ոգին, պետք է փաստեմ, որ մեր զինվորը իր առջև տեսել է փախչող հակառակորդին, և այդ իրավիճակում ինքը շատ բարձր մարտական ոգի ունի: Բանակի ընդհանուր պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է: Զորքը իրեն զգում է շատ վստահ, շատ բարձր մարտական ոգի ունի: Այդ զորքը հաղթած զորք է, իսկ հաղթած զորքի մեջքը անիմաստ խոսակցություններով, քննադատություններով սկսում ենք վնասել», -հավելեց խոսնակը:
Ինչ վերաբերում է ապրիլյան իրադարձությունների ժամանակ դիրքեր կորցնելուն, Հովհաննիսյանը հորդորեց «հնարավորինս քիչ քննարկել դիրքեր կորցնել, դիրքեր վերցնել հարցերը»:
Ու բացատրեց, թե ինչու. «էս տիպի տարածքների վերցնելու մասին մենք շատ քննարկենք, ապա հավատացած եղեք, որ մենք կխանգարենք զինվորականներին իրենց գործը կատարելու հարցում: Ամեն տարի դիրքերի բարելավում հայկական կողմն ունեցել է, բայց մենք չենք բարձրաձայնել այդ մասին: Հարգելիներս, թողեք զորքն աշխատի, կգա իրավաբանական մի կետի ու կհայտարարվի այդ մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ոք չի կարող ասել, թե որքան տարածք է կորցրել հայկական կողմը. ՊՆ խոսնակ
- Ամեն ինչ չէ, որ դուք պետք է իմանաք. Արծրուն Հովհաննիսյանը` լրագրողներին
- 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է գիտենք դրա դեմ պայքարի ձևերը, միջոցները. Արծրուն Հովհաննիսյան
- Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան