ՀԱԿ-ը դեռ էապես թուլացած է. քաղտեխնոլոգ
«Ասում են՝ նոր Ընտրական օրենսգրքով հաստատվելու է համամասնական ընտրակարգ, սակայն իրականում մեծամասնական է, քանի որ ռեյտինգային քվեարկությունը նույն մեծամասնականն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա, ԲՀԿ-ն կհայտնվի հաջորդ խորհրդարանում, թե ոչ, կախված է ՀՀԿ-ից, ինչպես նաև ՀՅԴ-ն ներկայություն կունենա ապագա խորհրդարանում այնքանով, որքանով ցանկանա ՀՀԿ-ն:
«ՀԱԿ-ը դեռ էապես թուլացած է, ինչը բացատրվում է նրանով, որ հասարակությունն է թուլացած և չի կարողանում նոր արյուն ներարկի այդ կուսակցության մեջ, երկրորդ՝ ՀԱԿ-ը շատ հարցերում շատ սխալներ արեց: Ի տարբերություն ՀՀԿ-ի, ով հստակ գիտի, ինչ է ուզում, ինչպես հասնել, Կոնգրեսի մոտ դա չի երևում»,- ասաց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ըստ նրա, քաղաքական դաշտի վրա դրանք էական դերակատարություն չունեն:
«Վարդան Օսկանյանի կուսակցության դեպքում էլ, արդեն Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քվեարկությունը ցույց տվեց, որ իրենք այդքան էլ դեմ չեն Ընտրական օրենսգրքին»,- ասաց Ա.Բադալյանը:
Նրա կարծիքով, ապրիլի սկզբի պատերազմական գործողությունները չեն փոխել հասարակությունը, ինչի ապացույցը հենց ապրիլի 17-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններն էին. «Հասարակությունն իշխանություններին ասում է ոչ, բայց դե ֆակտո չի կարողանում իր ոչ-ը սարքել դե յուրե, դա գնալով ավելի ու ավելի տեսանելի է դառնում»:
Քաղտեխնոլոգը նշեց, որ չի փոխվել նաև իշխանությունը՝ «կեղծվեց Հրազդանի ընտրությունը, ապրիլի 5-ից հետո մենաշնորհները չեն վերացվել»:
Նա ասաց, որ Հայաստանում իշխանությունը, հասարակությունը չի փոխվել, քաղաքական ուժերն էլ այսպիսին են, և դրսի ուժերը՝ Ռուսաստանը, Արևմուտքը, փորձելու են ակտիվ ազդել նոր ձևավորվող խորհրդարանի վրա:
«Ռուսաստանի դեպքում հասկանալի է՝ այստեղ բազա կա, շատ հարցեր կան, ցանկալի է, որ ունենա ենթակա իշխանություն: Արևմուտքի դեպքում մի քիչ հասկանալի չէ, թե ինչ հեռանկար է տեսնում՝ ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, թե՞ չի ցանկանում, թե՞ համակերպվել է, մտածում է, որ հինգ տոկոս ազդեցությունն իրեն բավարար է»,- ասաց Արմեն Բադալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին