Մահացած Սարգիսը վիրավորում էր ստացել ընկերոջը կրակի տակից դուրս բերելիս. ՀԺ
Նախորդ գիշեր Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է ապրիլի 30-ին Թալիշում ծանր վիրավորված 20-ամյա Սարգիս Գասպարյանը, որի հերոսական արարքը ցնցել էր ողջ համացանցը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Սարգիսը վիճակը շատ ծանր էր, նրա վիճակը թույլ չի տվել նույնիսկ, որ տեղաշարժեն, Երևան հասցնեն: Սարգիսը վիրավորված է եղել որովայնի հատվածում. բժիշկների խոսքով, նրա գրեթե բոլոր ներքին օրգանները վնասվել էին:
Սարգիսի քույրը՝ Ինգա Գասպարյանը թերթին պատմել է, որ եղբայրը ծանր վիրավորվել է վիրավոր ընկերներից մեկին՝ Վազգեն Հարությունյանին դիրքեր բերելու ժամանակ: Այդ մասին Ինգային պատմել է զինծառայող Սասունը, որն էլ իր հերթին փորձել է փրկել Սարգիսին:
«Երբ Սարգիսը գնացել է Վազգենին փրկելու, նա դեռ ողջ է եղել: Սարգիսը մի տղայի հետ Վազգենին տարել են դեպի շտապօգնության մեքենան: Ցավոք, Վազգենը վիրավորված է եղել կոկորդից…: Դրանից հետո, երբ Սարգիսը վերադառնալիս է եղել դիրքեր, գնդակը նրա ոտքին է դիպել, այնուհետև վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ փամփուշտները մի կողմից մտնել, մյուս կողմից դուրս են եկել, ինչի հետևանքով ներքին բոլոր օրգանները, բացի սրտից, վնասվել են… Սրագիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել, նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենո՞ւմ ես»: Սարգիսը պատասխանել է, «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Մի քիչ թույլ եմ զգում… Սասունը նրան արագ հասցրել է շտապօգնության մեքենայի մոտ: Թալիշից Մարտակերտ ճանապարհը երկար է տևել, շուրջ 2 ժամ հետո են կարողացել հասնել հիվանդանոց: Մարտակերտում նրան շտապ վիրահատել են և վիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժին»,- պատմել է քույրը:
Սարգիսը և ընկերները Շուշիից են: Սարգիսը ժամկետային զինծառայությունն ավարտել էր այս տարվա փետրվարի 5-ին, սակայն պատերազմական իրավիճակի սրացման ժամանակ ապրիլի սկզբին որպես կամավորական մեկնել էր առաջնագիծ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան