«Օրիգինալ է». Հոգեբանը զինծառայողների սեռաբջիջը պահպանելու առաջարկի մասին
Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է երաշխիքներ տալ զինծառայողների սեռաբջիջը պահպանելու համար, հոգեբան Սամվել Խուդոյանը «օրիգինալ առաջարկ» է համարում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հոգեբանն ասաց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա:
«Վատ առաջարկ չէ, եթե հանկարծ զինծառայողին մի բան պատահի սերունդը շարունակելու առումով հետաքրքիր է, օրիգինալ, ինչ-որ տեղ նաև տարօրինակ. առաջին անգամ լսեցի նման բան», -նկատեց հոգեբանը:
Նրա խոսքով, օրինագիծ-առաջարկությունը կքննարկվի և այդ ժամանակ միայն հասկանալի կլինի, թե ինչ պայմաններում է դա հնարավոր:
Հոգեբանը դրանից վտանգներ չի տեսնում և կարծում է, որ երիտասարդի կողմից այդ քայլը կարող է համարվել արյուն տալու նման մի բան:
«Դա տագնապ չի կարող հարուցել և հոգեբանորեն չի ազդի մարդկանց վրա: Մյուս կողմից էլ կարելի է հասկանալ՝ եթե մարդը գնացել է, Աստված հեռու տանի, մի բան է պատահել բանակում, ծնողը կարող է վճարել մի կնոջ, նա էլ երեխան կունենա ու…Ինձ թվում է՝ վատ առաջարկ չէ: Պետք է քննարկվի»,- ասաց հոգեբանը՝ ընդգհծելով, որ դա չի կարող պարտադիր լինել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ «Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է, որ պետությունը երաշխավորի 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում:
Այս փոփոխությունը պատգամավորն առաջարկում է կատարել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում: Նախագիծը պատգամավորը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել արդեն ապրիլի 26-ից:
Նախագծի հետ միասին Պողոսյանը ներկայացրել է հիմնավորում, որում նշում է, որ «հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով և ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարևոր և էական նշանակություն:
Ուստի, առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի սեռաբջիջների և սաղմի պահպանության մասին 7-րդ հոդվածը լրացնել նոր նախադասությամբ, որով պետությունը կպարտավորվի ՀՀ քաղաքացիների՝ մինչև զինվորական ծառայության մեկնելը իրականացվող առողջապահական ստուգումների ընթացքում իրականացնել նրանց սեռաբջիջների պահպանության աշխատանքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան