Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտել է ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը
Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ հանդիպմանը ներկայացրել է Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտել է ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը և մարդասիրական իրավունքի խախտումները՝ ընդգծելով, որ իր երկիրը միանշանակ աջակցում է հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը։
Հանդիպմանը զրուցակիցները նաև անդրադարձել են Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։
Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան