Ֆրանսիացին ձանձրալի աշխատանքի համար դատի է տվել գործատուին
Ֆրանսիացի Ֆրեդերիկ Դեզնարը դատի է տվել Interparfums օծանելիքի ընկերությանը՝ ձանձրալի աշխատանքի համար։ 44-ամյա ֆրանսիացին 360 հազար եվրոյի փոխհատուցում է պահանջում:
The Daily Telegraph-ին հղում անելով Rosbalt.ru-ն գրում է, որ Դեզնարն ընկերությունում մենեջեր է աշխատել: Նա պնդում է, որ 2010-2014 թվականներին ղեկավարությունն իրեն չի թույլատրել կատարել բոլոր պարտականությունները, դրա փոխարեն ստիպել են անել ամենաձանձրալի աշխատանքը: Նա հայտարարել է, որ այդպիսի աշխատանքի պատճառով նա մի շարք հիվանդություններ է ձեռք բերել՝ էպիլեպսիա, խոց, անքնություն և դեպրեսիա:
Կյանքի այդ շրջանը Դեզնարն անվանել է մղձավանջային և դժոխային:
«Ինձ համար ամոթալի էր գումար ստանալ ոչինչ չանելու դիմաց»,-ասել է նա:
Նրան աշխատանքից հեռացրել են 2014-ին, այն բանից հետո, երբ յոթ ամիս անց է կացրել հիվանդանոցում:
Դեզնարի փաստաբանը պնդում է, որ իր հաճախորդի ղեկավարը հատուկ է նրան ստիպել ձանձրալի աշխատանք կատարել, որպեսզի պատճառ ունենա աշխատակցին առանց փոխհատուցման հեռացնելու:
Ընկերության փաստաբանն էլ իր հերթին հայտարարել է, որ ֆրանսիացին չորս տարվա մեջ ոչ մի անգամ չի բողոքել, որ իր աշխատանքը ձանձրալի է, և եթե նա անելու ոչինչ չի ունեցել, ապա ինչու՞ չի ասել դրա մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան