«Դվին» հյուրանոցը կվերակառուցվի և կվերանվանվի «Դավիթ Բեկ»
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը: Այն կքննարկվի գործադիրի մայիսի 5-ի նիստում:
«Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրով նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը: Ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար:
Ներդրումային ծրագրի համաձայն՝ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է«լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Կառուցվելու են ավտոհանգրվաններ. ստորգետնյա՝ մոտ 330 ավտոկայանատեղիով, և վերգետնյա՝ առնվազն 50 ավտոկայանատեղիով:
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևան քաղաքում նման դասի յուրահատուկ և միակ օբյեկտը՝ 55000 քմ. ընդհանուր մակերեսով:
Բացի այդ, նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ Դավիթ Բեկ Հյուրանոցի:
Նշենք նաև, որ ըստ նախագծի՝ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողն է հանդիսանում Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited), իրավաբանական անձ՝ գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համապատասխան (գրանցման հասցե՝ 15, Ագիու Պավլու փողոց, Լեդրա Հաուզ, Ագիոս Անդրեաս, Նիկոսիա, 1105, Կիպրոս (15, Agiou Pavlou str., Ledra House, Agios Andreas, 1105, Nicosia, Cyprus), գրանցման համարը՝ 229631):
Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը հանդիսանում է «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան