Ցրտահարությունների վտանգը Արարատյան դաշտում ամբողջովին վերացված է. Զ. Պետրոսյան
Այս տարվա մայիսի միջին ամսական ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվել է նորմային մոտ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Համեմատելով նախորդ տարվա հետ նա նշեց, որ այս մայիսը նման կլինի 2015-ի մայիսին:
Ըստ մարզերի մանրամասնելով՝ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը ներկայացրեց. «Արարատի, Արմավիրի և Արագածոտնի նախալեռնային միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է 18-19 աստիճան, իսկ ամսական տեղումների քանակը 35-50 մմ: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի լեռնային շրջաններում ամսական միջին ջերմաստիճանը կլինի 9-12 աստիճան, ամսական տեղումների քանակը 75-100 մմ: Լոռիում միջին ամսական ջերմաստիճանը կլինի 12-13 աստիճան, տեղումների քանակը 95-130 մմ: Տավուշում ամսական ջերմաստիճանը կլինի 13-16 աստիճան, իսկ ամսական տեղումների քանակը 100-107 մմ: Վայոց Ձորի մարզում հովատային շրջաններում ասմական ջերմաստիճանը կլինի 18-19 աստիճան, իսկ լեռնային շրջաններում՝ 10-12 աստիճան, տեղումների քանակը հովտային շրջաններում 45-60 մմ, լեռնայինում՝ մինչև 95 մմ: Սյունիքի մարզում միջին ամսական ջերմաստիճանը կլինի 17-20 աստիճան, իսկ ամսական տեղումների քանակը կկազմի 60-112 մմ լեռնային շրջաններում, 40-96 մմ հովտային շրջաններում»:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին՝ մասնագետն ասաց, որ Երևանում միջին ամսական ջերմաստիճանը կլինի 18-19 աստիճան, տեղումների քանակը՝ 45-60 մմ:
«Հանրապետության տարբեր մարզերում մայիսին տարբեր ռեժիմներ են լինելու, և եթե օդի ջերմաստիճանը անցնում է 15 աստիճանը, համարվում է ամռան սկիզբ: Սովորաբար Արարատյան դաշտում ամառը սկսվում է մայիսի առաջին տասնօրյակում, եթե այս տարվա վերլուծությունը անենք, արդեն կարելի է ասել, որ Արարատյան դաշտում ոչ օրացույցային, բայց կլիմայական ամառը սկսվել է՝ միջին ամսական ջերմաստիճանը նախօրեին եղել է 16 աստիճան»,-ասաց Զարուհի Պետրոսյանը:
Ապրիլն ամփոփելով՝ նա նշեց, որ այն կանխատեսվել էր նորմայից 1-2 աստիճանով բարձր, տեղումներնը նորմայից ցածր: Այսինքն ապրիլն ավելի չոր էր, քան կլիմայական ապրիլն է:
Թե եղանակն ինչ ազդեցություն կունենա գյուղանտեսական աշխատանքների վրա, ըստ նրա, այս ջերմաստիճանը բոլորովին խանգարող չէ, քանի որ շատ մեծ շեղում չկա կլիմայական նորմայից. «Ցրտահարությունների վտանգը Արարատյան դաշտում ամբողջովին վերացված է, բայց դրա վտանգն ամողջ ամսվա ընթացքում պահպանվում է լեռնային շրջաններում, քանի որ այդ շրջաններում պտղատուները նոր են սկսում ծաղկել»:
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նաև հավելեց, որ ամենախոնավ ամիսը մայիսն է, ինչի մասին էլ փաստում են այս օրերը: