ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Արևմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: Համապատասխան հռչակագիր է ընդունել Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր նահանգում Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս:
Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ և կես միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաև մեր օրերին Մերձավոր Արևելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է.
«Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Ողջակիզումը, ինչպես նաև անցյալի և ներկայի բոլոր ցեղասպանությունները` մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանություններ չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»:
Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:
Հարակից հրապարակումներ`
- Օբաման իր ելույթում չի արտաբերում Ցեղասպանություն բառը , բայց չկա մի տարր ցեղասպանության, որը նրա խոսքում արտահայտված չլինի. Դավիթ Հարությունյան
- Օբամա. «Ողջ աշխարհում հիշում ենք Մեծ եղեռնի սարսափը»
- ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը