Փոխնախարար. Թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքը կնպաստի տեղական արտադրանքի գնային կայուն առաջարկին
Թուրքիայից գյուղմթերքի ներկրման հնարավոր արգելքը էական նշանակություն չի ունենա շուկայի վրա: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նա նկատեց, որ տարեցտարի Թուրքիայից պտուղ-բանջարեղենի ներմուծման ծավալները զգալիորեն կրճատվում են ի հաշիվ ջերմոցատների մակերեսի ու բերքատվության ավելացման:
«Առկա ցուցանիշները հուշում են, որ մենք այսօր զգալի քանակությամբ լոլիկի ու վարունգի արտահանման հնարավորություն ունենք»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, եթե նախկինում ջերմացոտներում մեկ քմ մակերեսից ստացվում էր 22-25 կգ բերք, ապա այսօր ստացվում է 40-45 կգ և նույնիսկ ավելի բերք:
«Ես առավել քան համոզված եմ, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում մեր ներքին սպառման պահանջարկը ձմռան մի քանի ամիսների ընթացքում 100 տոկոսով կապահովի տեղական արտադրանքը: Իսկ տարվա մնացած ամիսներին մենք առհասարակ խնդիրներ չենք ունեցել»,-ասաց փոխնախարարը, նշելով, որ խոսքը չի վերաբերում ցիտրուսային մրգերին:
Փոխնախարարն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս գարնան ընթացքում Թուրքիայից վաղահաս կարտոֆիլ չի ներմուծվել:
«Նախորդ տարիներին վաղ գարնանը ներմուծվում էր թուրքական վաղահաս կարտոֆիլ, ինչի հետևանքով տեղի էր ունենում գների կտրուկ անկում: Գյուղացիական տնտեսությունները բավականին լուրջ խնդիրների առաջ էին կանգնում»,-ասաց փոխնախարարը:
Գ. Պետրոսյանը կարծում է, որ թուրքական գյուղմթերքի ներկրման արգելքի առկայությունը հնարավորություն կտա, որ տեղական արտադրանքը շուկայում ունենա ավելի կայուն պահանջարկ ու գնային առաջարկ:
Պաշտոնյայի խոսքով, թուրքական թունաքիմիկատների, սերմացուի ներկրման արգելքը ևս այդ շուկաների վրա որևէ բացասական ազդեցություն ունենալ չի կարող:
Շարունակությունը՝ Panorama.am-ի տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Գյուղատնտեսական քաղաքականություն չունենք
- Պիպոյան. Նախ պետք է գնահատել թուրքական ապրանքների մրցունակությունը
- Գագիկ Մակարյան. Եթե լինի քաղաքական կամք, հնարավոր է հրաժարվել թուրքական ապրանքներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան