Փոխնախարար. Կունենանք ավելի քիչ, բայց ավելի որակյալ ծիրան
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով, ցրտահարության հետևանքով այս տարի կունենանք ավելի քիչ, բայց ավելի որակյալ ծիրան:
«Ընդհանրապես` եթե պտղատու ծառերն ավելի քիչ ծանրաբեռվածություն ունեն, որպես կանոն ձևավորվում են ավելի խոշոր պտուղներ: Ծառատեսակների մոտ կա ինքնակարգավորման երևույթ, երբ շատ է պտուղների քանակը, դրանք մնում են ավելի փոքր և ցածր ապրանքային տեսքով, և հակառակը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Պետրոսյանի ներկայացմամբ, եթե նախկինում 100 տոննայից ընդամենը 50 կամ 60 տոննան կարող էր շուկայահանվել, առավել ևս արտահանվել հանրապետությունից, ապա հիմա դա կարող է լինել 70-80 կամ ավելի բարձր տոկոսով:
«Հիմա մենք դիտարկումներ ենք կատարում: Ծիրանենու պտուղները շատ ավելի լավ վիճակում են՝ և խոշոր են, և զերծ հիվանդություններից: Այս պահի դրությամբ ունենք շատ մաքուր ու որակյալ պտուղներ ստանալու ակնկալիք»,-արդյունքները ներկայացրեց նախարարության պաշտոնյան:
Առողջ բերք ստանալուն նպաստել են նաև բնակլիմայական պայմաններն ու պտղաբույծների աչալրջությունը:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հանրապետությունում 2016 թվականին կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք: Համեմատության համար նշենք, որ 2015-ին Հայաստանում գրանցվել է ծիրանի 116 հազար տոննա բերք:
ԳՆ-ից նաև հայտնել էին, որ ծիրանի ընթացիկ տարվա սպասվող բերքի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ կտրվեն մայիսի երկրորդ տասնօրյակին:
Հարակից հրապարակումներ`
- Ցրտահարությունների վտանգը Արարատյան դաշտում ամբողջովին վերացված է. Զ. Պետրոսյան
- ԳՆ. Հանրապետությունում այս տարի կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք
- Ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր
- Արմավիրում, Էջմիածնում Արտաշատում ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու բողբոջները
- Նախնական տվյալներ՝ ցրտահարության հետևանքների մասին
- Ուշադրություն. Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս
- Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է