Դժվար թե ադրբեջանական պլանների մեջ մտնի մայիսի 9-ին ևս մեկ անգամ պարտվելը. Ա.Մարգարով
Հարավկովկասյան քաղաքականությունը շատ արագ փոխվելու միտում ունի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Նա նշեց, որ իրավիճակը փոփոխվում է նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. «Եթե նախկինում անընդհատ խոսվում էր ռազմական գործողությունների ցածր ինտենսիվության առկայության մասին, ապրիլյան իրադարձություններից հետո իրավիճակը փոխվել է, այդ թվում՝ նաև հայկական կողմերի համար: Սա պահանջում է նոր պատասխաններ ներկայացնել՝ թե ինչպես ենք տեսնում կարգավորման ապագան»:
Քաղաքագետը նշեց, որ այս դեպքում կա զարգացումների տարբեր սցենարներ՝ վերադառնալ մինչև ապրիլի սկիզբը եղած իրավիճակին, ռազմական գործողությունները շարունակել ավելի բարձր ինտենսիվությամբ, առավել քիչ հավանական սցենարներից է՝ կողմերը փորձում են այս կամ այն պատճառների պայմաններում վերադառնալ բանակցությունների:
«Բանակցային սեղանին դրված առաջարկները քիչ թե շատ հասկանալի են, սակայն այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք կողմերը պատրաստ են օգտագործել դրանք»,- ասաց Ա.Մարգարովը:
Միաժամանակ քաղաքագետը հավելեց, որ պետք է գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու կառուցողական սցենար, քանի որ այսօր բանակցային գործընթացը չի աշխատում, բայց կան այլ ներգրավված կողմեր ևս, ովքեր կարող են իրենց դերակատարությունն ունենալ կոնֆլիկտը տաք ֆազայից դուրս բերելու համար:
«Իրենց առջև դրված են համապատասխան պայմաններ: Այլ հարց է, թե ինչքանով է հնարավոր դրանք կյանքի կոչել: Նախկին փորձը հաշվի առնելով՝ քիչ հավանական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ հասցեական, թիրախային հայտարարոթյամբ կոչ անեն Ադրբեջանին դադարեցնելու ռազմական գործողությունները կամ դրա վտանգը:
Կամ՝ Ադրբեջանը կարող է զզվեցնել համանախագահներին, նրանք էլ կարող են և պաշտոնական, և կիսապաշտոնական խողովակներով Ադրբեջանի ղեկավարությանը հասցնել, որ այդպիսի դիրքորոշման պայմաններում նրանք չեն կարող երաշխավորել, որ Հայաստանը չի դիմի այն քայլին, որի մասին ասված է եղել ժամանակին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե՝ արդյո՞ք հնարավոր է մայիսյան տոներին ադրբեջանական կողմը սրի իրավիճակը, քաղաքագետը նշեց, որ դժվար է որևէ բան ասել, բայց պարզ է, որ հաշվարկի խնդիր է՝ սկսել գործընթաց և ևս մեկ անգամ մայիսի 9-ին ունենալ պարտություն, դժվար թե մտնում է ադրբեջանական պլանների մեջ:
«Նախ պետք է վստահ լինեն, որ կկարողանան հասնել որոշակի հաջողության, իսկ դա որևէ մեկը չի կարող երաշխավորել»,- ասաց Ա.Մարգարովը: