Իրանի դեսպանը մտահոգված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպմանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջին օրերի ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվող ագրեսիվ և նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերը:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ: Ի թիվս այլ ոլորտների՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:
ՀՀ պաշտպանության նախարարը ԻԻՀ դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն: