«Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում կպատրաստի մեծ թվով մասնագետներ
«Տեխնոլոգիաներն այսօր լիովին փոխել են մեր կյանքը։ 4-րդ հեղափոխության արդյունքում այսօր ունենք ՏՏ լուծումներով հագեցած ու ավելի հարմարավետ կյանք»,- այս մասին այսօր Երևանում անցկացվող «Չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն՝ ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյը։
«Օրինակ բերեմ ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունները, այդ թվում՝ հայաստանյան ընկերությունները, որոնք չունեն սեփական մեքենաներ, պահեստներ, վաճառակետեր և այլն, սակայն գործունեություն են ծավալում այդ ոլորտներում։ Այսօր ամեն ինչ կառուցվում է հմտությունների վրա»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցում էլ Թրուդի Նորիս-Գրեյը նշեց, որ հպարտ է այն բոլոր ձեռքբերումներով, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունը կարողացել է ապահովել Հայաստանում:
«Մենք ունենք ավելի քան 200 սթարտափ, կարողացել ենք ավելի քան 2500 ուսանող կրթել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, 1,5 մլն դոլար ներդնել տարբեր կրթական ծրագրերում, ինչպես նաև տարբեր կրթական հաստատություններում ստեղծել համապատասխան ուղղությամբ ուսանողական ծրագրեր: Կարծում եմ՝ սա դեռ սկիզբն է»,- ասաց «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրենը:
Նրա խոսքերով՝ Հայաստանն այն չորս երկրներից է ամբողջ աշխարհում, որտեղ Մայքրոսոֆթը ստեղծել է նորարարական կենտրոն: Ըստ նրա՝ իրենք հանձն են առնում Հայաստանի հետ շարունակել համագործակցությունը և պատրաստել մեծ թվով մասնագետներ, որոնք կկարողանան իրենց կարողությունները օգտագործել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:
Հարցին, թե՝ ինչ նոր լուծումներ կարող է առաջարկել «Մայքրոսոֆթ»-ը բիզնեսի զարգացման համար, նշեց, որ բազմաթիվ նոր ծրագրեր են իրականացվելու Հայաստանում. «Խոսքը այն հմտությունների լիարժեք կիրառման մասին է, որոնց պոտենցիալը Հայաստանում գոյություն ունի: Եթե Հայաստանի առկա հմտությունները մենք փորձենք համադրել հայկական ձեռնարկատիրական ոգու հետ, ապա համոզված եմ, որ հաջողություն կունենանք»:
Հարակից հրապարակումներ`
- Էկոնոմիկայի նախարար. «Պարզապես միշտ չէ, որ կարող են արվածի մասին բարձրաձայնել»
- Մեր հաջողության գրավականը բարձր տեխնոլոգիաներն են. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան