Մանրամասներ լրատվական կայքի ձերբակալված պատասխանատուի և օգնականի գործից
«Analitik.am» լրատվական կայքի պատասխանատու Ա. Հովհաննիսյանի և նրա օգնական Վարդիթեր Գ.-ի կողմից գումար շորթելու դեպքով քրեական գործ է հարուցվել:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ձերբակալությունն իրականացվել է հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը»:
Նաև տեղեկացրին, որ առայժմ ձերբակալվածներին մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետև, ըստ ոստիկանության ներկայացրածի՝ կայքի տնօրենի պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են:
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ շորթման մասին ահազանգել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Շորթման գումարը վերցնելիս ձերբակալվել է «analitik.am» կայքի տնօրեն Ա. Հովհաննիսյանի օգնական Վ. Գիշյանը, ինչից ժամեր անց նաև՝ Ա.Հովհաննիսյանը։ Ըստ աղբյուրի ունեցած և լրատվամիջոցներին տրամադրած տեղեկությունների՝ օգնականը ցուցմունք է տվել տնօրենի դեմ՝ ասելով, որ կատարել է նրա հանձնարարությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի