Պաշտոնանկ արված ՊՆ և ԶՈւ նախկին պաշտոնյաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի. Սեյրան Օհանյան
Բանակում կադրային քաղաքականությունը իրակացվում է պլանավորված: Այդ մասին այսօր խորհրդարանական փակ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով վերջերս Պաշտպանության և զինված ուժերի համակարգում տեղի ունեցած պաշտոնանկությունների մասին հարցին:
Նրա խոսքով, պաշտոնանակությունները, չնայած ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների մշակույթի հիման վրա, չեն քննարկվում և միայն կատարվում են:
«Եթե խոսքը վերջին կադրային փոփոխությունների մասին է, ապա դրանք միտված են կառավարման համակարգը ավելի բարելավելուն և պատշաճ մակարդակի բերելուն», -հավելեց պաշտպանության նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնանկ եղած նախկին պաշտոնյաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, Օհանյանը արձագանքեց.
«Քրեական պատասխանատվության նրանք չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չեն: Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունների անցկացման շրջանակներում և այդ գործունեությունը համակարգված է:
Ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, ապա պետք է ասեմ հետևյալը մեկընդմիշտ՝ Արցախի տարածքում Պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրը կատարել է լիարժեք, հասել է հաջողության, հակառակորդին զրկել է մարտավարական և այլ առավելություններից, և բանակը այն կառույցը չէ, որ այսօր համապատասխան միջոցառումներ ինքնուրույն չի ձեռնարկում բացասական երևույթների դեմ պայքարի շրջանակներում»:
Օհանյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում այսօրվա քննարկումը փակ էր, և քննարկման արդյունքում լսել են պատգամավորների առաջարկություններն ու իրադրության գնահատումը:
«Դրանց ուղղությամբ բանակը համապատասխան միջոցառումներ իրականացնելու է, վերլուծություններ է կատարելու, և մենք Ազգային ժողովի հետ մեր համագործակցությունը շարունակելու ենք», -հավելեց նախարարը:
Հիշեցնենք` ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել էր Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան