Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը ԱԺ արտահերթ նիստում չի քննարկվի
Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծը, որը այսօր հաստատվել է կառավարության նիստում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության որոշման մեջ ընդգրկված չէ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Նշենք, որ ռուսական որոշ աղբյուրներ տեղեկացրել էին, թե օրինագիծը ենթադրվում է՝ կներառվի մայիսի 10-ին գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ:
Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ներկայացրած օրինագծերը նախ քննարկվում են գլխադասային հանձնաժողովում, այնուհետև հանձնաժողովի որոշմամբ կամ դրական եզրակացությամբ ընդգրկվում լիագումար նիստի օրակարգ, կամ հետաձգվում:
Օրինագիծը կառավարությանը ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Զարուհի Փոստանջյանը:
Այն ունի ընդամենը երկու հոդված
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Պատգամավորների հիմնավորմամբ, օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:
«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար», -նշված է պատգամավորների հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 10-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
- Կառավարությունն ըստ էության դրական եզրակացություն տվեց Արցախը ճանաչելու նախագծին. Զարուհի Փոստանջյան
- Հաստատվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը