Թուրքիայի վարչապետը փաստացի հրաժարական է տվել
Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության քիչ առաջ ավարտված գործադիր խորհրդի նիստից հետո Թուրքիայի վարչապետ, կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ:
Ներկայացնելով իր պաշտոնավարության ընթացքում կատարած աշխատանքները, կուսակցության հաղթահարած մարտահրավերները և իր անձնական գործունեությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով իր կուսակից ընկերներին՝ Դավութօղլուն, մասնավորապես, ասել է.
«Մայիսի 22-ին տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումար, որի ընթացքում տեղի կընտրվի կուսակցության նոր նախագահ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կուսակցության նախագահը փոխվի: Այս ընտրություններում առաջադրվելու մտադրություն չունեմ: Այս որոշումը իմ պատճառով չէ, այլ ի հայտ եկած անհրաժեշտության հետևանքն է: Կշարունակեմ գործունեությունս որպես ԱԶԿ-ական պատգամավոր»:
Հաշվի առնելով, որ Թուրքիայում վարչապետը միաժամանակ ստանձնում է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը, Դավութօղլուի՝ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության նախագահի ընտրություններում չառաջադրվելու որոշումը հավասարազոր է նրա՝ վարչապետի պաշտոնը թողնելուն: