Պոլիտեխնիկում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը
Մայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:
Ինչպես տեղեկացնում են համալսարանի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից, առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը:
Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների նոր ցանկով՝ 21 մասնագիտություն՝ 30 կրթական ծրագրերով:
Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ին հատկացված է 262 տեղ, այդ թվում 22 տեղ բանակից զորացրվածների համար է: Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով հատկացվել է անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով լրացուցիչ 10 տեղ՝ չորս կրթական ծրագրերով:
Ընդունող հանձնաժողովի քարտուղար Նորայր Հարությունյանը ներկացնելով այս տարվա ընդունելության առանձնահատկությունները, նշել է, որ մասնավորապես՝ ՀԱՊՀ դիմորդներն անվճար (բացառությամբ «Տնտեսագիտություն» և «Դիզայն» մասնագիտությունների) ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար, որպես մրցութային գնահատական, կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
«Ասել է թե՝ անվճար տեղի համար դիմորդն այս տարի կարող է պայքարել՝ ունենալով միասնական մեկ քննության դրական գնահատական: Իհարկե, մրցութային առարկաներից միասնական բոլոր քննությունները հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից»,- նշել է նա:
Դիզայն մասնագիտության դիմորդները կարող են ընտրել Գծագրություն, Գծանկար, Կոմպոզիցիա քննություններից առնվազն 2-ը և մրցույթին մասնակցել բոլոր դրական գնահատականների գումարային միավորով:
Հանձնաժողովի քարտուղար նաև հայտնել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ մրցույթն իրականացվում էր ֆակուլտետային սկզբունքով, այս տարի լինելու է ըստ կրթական ծրագրերի. «Կարծում ենք, այս սկզբունքով ընդունելությունը կբացահայտի յուրաքանչյուր կրթական ծրագրի պահանջարկը դիմորդների կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները