Ադրբեջանում վտանգավոր են ոչ միայն «Իսլամական պետության» կողմնակիցները
«Ադրբեջանում ակտիվ և բավական վտանգավոր են ոչ միայն «Իսլամական պետության» կողմնակիցները»՝ մեկնաբանելով Ադրբեջանում իրավապահ մարմինների կողմից իրականացված վերջին ձերբակալությունները:
Հիշեցնեմ՝ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Զաքաթալայում անվտանգության ծառայության և դատախազության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում բացահայտվել է իսլամական արմատական խմբավորում. ձերբակալվել են 6 անձինք, խուզարկության ժամանակ վերջիններիս մոտ հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և այլ զինամթերք: Ձերբակալվածները կասկածվում են շանտաժի և բռնի մեթոդների կիրառմամբ մարդկանց սեփական շարքերը ներգրավելու և դիվերսիոն գործողություններ ծրագրելու մեջ։
Ձերբակալվածները հավանաբար եղել են Ադրբեջանում և դրանից դուրս բավական հայտնի «Անտառային եղբայրներ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման անդամներ: Ճիշտ է, ադրբեջանական իշխանությունները իսլամականների վերաբերյալ տեղեկությունները փորձում են շատ չբարձրաձայնել, այնուամենայնիվ, ձերբակալվածներից Վագիֆ Փադարովը եղել է տխրահռչակ «Անտառային եղբայրներ» խմբավորման առաջնորդներից Վուգար Փադարովի ազգականը: Վերջինս ակտիվորեն ներգրավված է եղել Կովկասում իրականացվող ջիհադին, եղել է կովկասյան իսլամականների շրջանում հեղինակություն ունեցող ադրբեջանցի առաջնորդներից մեկը: Վուգար Փադարովը համարվել է ադրբեջանական ջամաայի էմիր, փորձել է կազմակերպել ջիհադական պայքարն Ադրբեջանում, սակայն սպանվել է 2011 թ.:
Գործ ունենք Ադրբեջանի որոշ հատվածներում ակտիվ գործող իսլամականների ցանցի հետ, որոնք փորձում են իրենց շարքերում հավաքագրել համախոհների ահաբեկչական գործողությունների մասնակից դարձնելու համար: Պարզ է, որ ադրբեջանական հասարակական-քաղաքական տարբեր ոլորտներում նկատվող ալիևյան վարչակարգի բռնաճնշումները և, որպես հետևանք, հասարակության որոշ հատվածներում նկատվող դժգոհությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում նմանատիպ կառույցների գործունեության համար, նշեց իսլամագետը, հավելելով, որ ադրբեջանցիները բավական ակտիվ են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ջիհադին, և փորձում են լքել երկիրը մասնակիցը լինելու Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ռազմգործողություններին: Այնուամենայնիվ, ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից հիշյալ խմբավորման անդամների բացահայտումը, վերջիններիս մոտ հայտնաբերված զինամթերքը մեզ հուշում են, որ այստեղ խոսք է գնում ադրբեջանցի իսլամականների կողմից կազմակերպվելիք ահաբեկչական գործողությունների ու ջիհադական պայքարի աշխուժացման մասին նաև Ադրբեջանում: