Թուրքիայում ներքաղաքական փոփոխությունները չեն ազդի հայ համայնքի վրա. Արա Գոչունյան
Թուրքիայի ներքաղաքական կայնքում տեղի ունեցող խաղերը, փոփոխությունները որևէ ազդեցություն՝ ոչ դրական, ոչ բացասական, չեն կարող ունենալԹուրքիայի հայ համայնքի վրա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Ըստ նրա, Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծումներն ուղղակիորեն կապված չեն ներքաղաքական իրադարձությունների հետ, այլ այդ հարցում կա պետական գիծ ու հենց այդ գծով են կատարվում քայլերը:
Խոսելով Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր, քրդական կուսակցության անդամ Գարո Փայլանի հետ կապված միջադեպերի մասին, նա ասաց, որ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներն ընտրվել են ոչ թե ազգային պատկանելիության հողի վրա, այլ բոլորն ընտրված են որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ՝ երկրի խնդիրներով զբացվելու համար:
«Հետաբար առաջացած լարված մթնոլորտում տեղի ունեցած միջադեպերը վերագրել ազգային պատկանելիությանը, բացատրել այլ հանգամանքներով, առողջ դիտարկումների չպետք է տանի»,- ասաց Ա. Գոչունյանը:
«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի խոսքով, հայ համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման հնարավոր է հասնել այն դեպքում, եթե լինի կոնսենսուս. «Թուրքիայում քաղաքական ուժերից որևէ մեկը հայերի վերաբերյալ ոչ մի խնդրի մասին առանձին նախաձեռնության անելու ռիսկ չի վերցնում իր վրա»:
Ըստ նրա, ագրեսիվությամբ, պահանջելով, պարտադրանքներով հարցերը չեն լուծվի: