Դպրոցներում կիրականացվի դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում
Դեռահասների սնուցման, թերսնուցման խնդիրները դիտարկվում են ազգային անվտանգության համատեքստում: ՀՀ առողջապահության նախարարության և Մոր և մանկան առողջության դաշինքի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ հայտարարել է «Փրկենք երեխաներին» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը:
«Հետևաբար, համատեղ մշտադիտարկումը կարող է խթանել այս գերխնդրի լուծումը ինչպես ընտանիքում, դպրոցական միջավայրում, այնպես էլ քաղաքականությունների և որոշումների կայացման մակարդակում»,-ասել է ՀԿ նախագահը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ նկատել է, որ ապրիլյան պատերազմը իր հրամայականն է թողել բոլորին՝ համախմբվել և առկա ռեսուրսների համադրմամբ կրկնապատկել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Մոր և մանկան առողջության դաշինքի համանախագահող կազմակերպությունների ղեկավարներ, Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը:
Օքսֆամի լրատվության բաժնից հայտնում են, հուշագիրը կոնկրետ գործնական մաս ունի, որ վերաբերում է կողմերի ստանձնած հետագա անելիքներին. առաջնահերթ է հռչակվել հանրային առողջապահության, հանրային առողջապահական կրթության, առողջապահության ոլորտում շահերի պաշտպանության և բնակչության սնուցման բարելավման ազգային քաղաքականության մշակման, իրականացման և մշտադիտարկման հետ կապված խնդիրների լուծումը:
Որպես առաջին, քայլ կիրականացվի դպրոցներում դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում Մոր և մանկան առողջության դաշինքի և Առողջապահության նախարարության հետ համատեղ, որին կհաջորդեն իրազեկման քարոզարշավներ՝ բարձրացնելու ինչպես դեռահասների, այնպես էլ ծնողների դերակատարությունը դպրոցներում սնուցման մշտադիտարկման/վերահսկման և հետագա բարելավման նպատակով:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործակցելու՝ ձևավորելով սնուցման բարելավման ազգային ռազմավարության համատեղ մոնիտորինգային խումբ, իրականացնել սնուցման ազգային ռազմավարության, մասնավորապես` առողջ ապրելակերպի խթանման և սնուցման քաղաքականության համատեղ մշտադիտարկում:
Հուշագիրը, որ վավեր է առաջիկա 5 տարվա ընթացքում, գործնականում տեսանելի կլինի լավագույն փորձառության փոխանակմամբ, համատեղ միջոցառումների իրականացմամբ:
Նախաձեռնությունը կազմակերպվել էր Օքսֆամի «Հարավային Կովկասում տարածաշրջանային Պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» տարածաշրջանային քառամյա ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: