Ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի դուստրը՝ Անահիտը
Այսօր առավոտյան` ժամը 06:00-ին, Ախուրյանի մոր ու մանկան հիվանդանոցում լույս աշխարհ է եկել ապրիլի 3-ին Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գասպարյանի դուստրը՝ Անահիտը: Ինչպես Panorama.am-ին հայտնեց հիվանդանոցի մանկաբարձ գինեկոլոգ Վահան Տոնիկյանը, ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է նորմալ:
Երեխայի քաշը 2կգ 900գ է:
Նշենք, որ հոր ցանկությամբ երեխային անվանել են Անահիտ՝ տատիկի անունով:
Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Hetq.am-ի փոխանցմամբ՝ Հրաչի ու Անուշի սիրո պատմությունը սկսվել է Արցախի Թալիշ գյուղում: Անուշը դեռ դպրոցական է եղել, երբ գյումրեցի Հրաչ Գալստյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու ծառայության անցել Թալիշում: Անուշը եւս զինվորականի ընտանիքից է:
Հրաչ Գալստյանն ապրիլի 2-ի առավոտյան կնոջն ու նրա բազմազավակ ընտանիքի անդամներին ապահով դուրս է բերել Թալիշ գյուղից և ճանապարհել Հայաստան:
Անուշն այսուհետ կապրի Հրաչի ծնողների հետ, ուսումը կշարունակի Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում: