Հայաստանում նպաստառուների գրեթե 44 տոկոսն աղքատ չեն. հետազոտություն
Այսօր Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) և Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը ներկայացրեցին Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները: Բյուջետային ծրագրերի անկախ գնահատումն իրականացվել է «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` ԵՄ ֆինանսական աջակցությամբ:
Ներկայացնելով հետազոտության արդյունքները ՏԶՀԿ-ի ղեկավար Մուշեղ Թումասյանը նշեց, որ Հայաստանում աղքատ է գրեթե ամեն երրորդ ընտանիքը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին, իսկ նպաստառուների գրեթե 44 տոկոսն աղքատ չեն»,- ասաց նա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտանիքի կարիքավորության վրա ազդում է ոչ թե 18 կամ 20 գործոն, այլ 1000 ու մի գործոն, որոնք բոլորը հաշվի առնելն ու գնահատելն անհնար է:
Նրա խոսքերով՝ այս վերլուծությունները բավականին հանգամանալից են, և նախարարությանը հստակ առաջարկներ են ներկայացվել: «Հանրապետությունում ունենք 30 տոկոս աղքատություն, այսինքն` 700 հազար ընտանիքներից 200 հազարն աղքատ է, սակայն 105 հազար ընտանիք է ստանում ընտանեկան նպաստ: Այսինքն` աղքատ ընտանիքներ կան, որոնք դուրս են մնում այս ծրագրից»,- նշեց նա՝ հավելելով, որ այստեղ խնդիրն այն է՝ ընտանեկան նպաստներ ծրագրում ընդգրկված են ոչ շատ աղքատ ու չքավոր ընտանիքներ, որի մասին վկայում են նաև հետազոտության արդյունքները: Ուստի այս հետազոտությունը հասցեականությունը բարձրացնելու խնդիր ունի և այս ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները հրատապ են ու անհրաժեշտ:
Ինչ վերաբերում է համակարգում ընտանիքների չընդգրկվածությանը, ապա Սոնա Հարությունյանն ասաց, որ այն ունի մի շարք պատճառներ: Մասնավորապես, եթե նախկինում կարիքավոր ընտանիքներին հաշվառում էին ըստ փաստացի բնակության վայրի, ապա այսօր ընդգրկում են ըստ հաշվառման հասցեի, սակայն կան չքավոր ընտանիքներ, որոնք նույնիսկ հաշվառման հասցե:
«Երբ նախարարությունն իրականացրեց բազմազավակ ընտանիքների ուսումնասիրություն, պարզ դարձավ, որ կան ընտանիքներ, որոնք դարձյալ այս համակարգում ընդգրկված չեն որևէ հասցեում հաշվառում չունենալու պատճառով: Այս առումով, որոշակի փոփոխություններ են կատարվել: Այսինքն՝ քայլեր ձեռնարկվում են, այլ խոսք է, որ բավարար չեն այդ արդյունքները և դեռևս կան չքավոր ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն այդ համակարգում»,- ասաց փոխնախարարը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ նշեց, որ կատարված աշխատանքը նշանակալի է, քանի որ ամուր կապեր են ստեղծվում քաղաքացիական հասարակության ու պետական կառավարման մարմինների միջև: Բացի այդ, ըստ նրա, հասարակական կազմակերպությունների կողմից կատարված գնահատումը հնարավորություն է տալիս նախարարության ծրագրերը դարձնել արդյունավետ ու հասցեական, ինչպես նաև որդեգրել ճշգրիտ որոշումներ ապագա ռազմակավարություն մշակելիս: