«Երբեք չեմ մոռանա ինձ առաջին բուժօգնություն ցուցաբերած բժիշկներին»
«Երբեք չեմ մոռանա այն բժիշկների դեմքերը, ովքեր ինձ առաջին բուժօգնություն ցույց տվեցին»,- այսօր ապրիլի առաջին օրերի ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկների, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերանների, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողությունից առաջ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ջաբրայիլում ապրիլի սկզբին հակառակորդի կրակից վրավորում ստացած շարքային Արման Ավետիսյանը:
Արմանը պատմեց, որ նռնակի պայթյունից է ոտքի վիրավորում է ստացել. «Անցան գանցին այդ օրերը, չեմ ուզում հիշել, բայց ամեն պահի պատրաստ եմ գնալ կամավոր և կանգնել ընկերներիս կողքին»:
Ականների պայթյունից ձեռքից և որովայնից վիրավորված արտաշատցի շարքային Բենիկ Եղիազարյանն էլ ասաց, որ վիրավորվել է սննդի մեքենայից սնունդ ստանալու ժամանակ:
«Մատաղիսում եմ ծառայում, դեռ 9 ամիս կա, որ ծառայությունս ավարտեմ: Ընկերներիս հետ կապը պահում եմ, ապաքինվելուց հետո անպայման կգնամ նրանց մոտ և կշարունակեմ ծառայությունս»,-ասաց Բենիկը:
Կրտսեր սերժանտ Շանթ Ղազարյանն էլ ասաց, որ ապրիլի առաջին օրերին Թալիշում է եղել. «Ծառայությունս ավարտել եմ արդեն, բայց երբ պետք լինի կամավոր առաջինը ես կգնամ»:
Կրծքավանդակի հատվածում բեկորային վնասվածք ստացած գյումրեցի կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանն էլ ասաց, որ վիրավորվել է ապրիլի 4-ին՝ շրջանաձև պաշտպանության ժամանակ:
«Շնորհակալ եմ բոլոր բժիշկներից հոգատարության ու վերաբերմունքի համար: Ապաքինվում եմ, մեկ տարի երկու ամիս դեռ ծառայությունիցս կա: Անպայման վերադառնալու եմ դիրքեր»:
Նշենք, որ այսօր ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայրենի սահմանը պաշտպանելիս արիությամբ աչքի ընկած, վիրավորում ստացած զինծառայողներ շարքային Արման Ավետիսյանը, կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանը, շարքային Բենիկ Եղիազարյանը և կրտսեր սերժանտ Շանթ Ղազարյանը շնորհակալագրերի և պարգևների արժանացան: