«Analitik.am»-ի խմբագրի օգնականը կալանավորվել է ապօրինի. Փաստաբան
«Հազվադեպ է պատահում, որ դատարանները նման ապօրինի որոշում են կայացնում»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը իր պաշտպանյալ «Analitik.am»-ի խմբագրի օգնական Վ. Գիշյանին երկու ամսով կալանավորելու որոշումը:
Որոշումը քիչ առաջ կայացրել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:
Երիտասարդ կինը, ով իր խնամքին ունի 2 տարեկան փոքրիկ երեխա, մեղադրվում է ԱԺ պատգամավորից գումար շորթելու մեջ:
Փաստաբանն ասաց, որ դատավորը որոշումը կայացնելիս խախտել է սահմանադրական, քրեադատավարական նորմերը, ինչպես նաև միջազգային կոնվենցիաները:
«Այդ որոշման կայացմամբ որևէ իրավական նորմ չի պահպանել դատարանը: Մենք հիմնավոր կասկածն էինք վիճարկում, անձը բնութագրող մի շարք տվյալներ ներկայացրեցինք, նշեցի, որ աղջիկն ամուսնացած է, ունի փոքրիկ երեխա, դրական բնութագիր շրջապատի կողմից, բայց դատարանն արձանագրել է, որ դրանք հիմք չեն կարող հանդիսանալ, որպեսզի նույնիսկ գրավ կիրառվի ու անգամ գրավի միջնորդությունն է մերժել», -նշեց փաստաբանը:
Մեղադրյալը, փաստաբանի խոսքով, չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, տվել է ցուցմունքներ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ և որպես կասկածյալ, և որպես մեղադրյալ, ասել է, որ կատարել է հանձնարարություն:
«Երբ քննարկվում էր կալանքի միջնորդությունը, դատարանում բարձրաձայնեցինք, որ իր ցուցմունքներով էլ ապացուցվում և հիմնավորվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, որ ինքը որևէ կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ», -նկատեց փաստաբանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը պատրաստ է եղել օգնել նախաքննությանը, տալ ցուցմունքներ, բայց դատարանն անդրդվելի է եղել:
Ստեփան Ոսկանյանը մտադիր է բողոքարկել կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:
Քրեական գործն այժմ գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Ըստ նախաքննության տվյալների, ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
Այս գործով բացի Վ. Գիշյանից մեղադրյալ է համարվում նաև կայքի տնօրենը՝ Ա. Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լրատվական կայքի աշխատակիցների վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
- Լրատվամիջոցի ղեկավարի գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ
- Մանրամասներ լրատվական կայքի ձերբակալված պատասխանատուի և օգնականի գործից
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի