Ուրցաձորում այսուհետև կգործի կենդանիների փրկարար կենտրոն
Ուրցաձորում պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Այդ մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից:
Ըստ աղբյուրի, արդեն պատրաստ է կենտրոնի կառույցներից մեկը՝ կարանտինային կայանը, որտեղ ժամանակավորապես կտեղափոխվեն Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու երեք առյուծները:
Կենդանիներն Ուրցաձոր էին տեղափոխվել FPWC-ի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության համակարգված գործողությունների շնորհիվ:
Կարանտինային կայանի կառուցման, ինչպես նաև առյուծների կերակրման և խնամքի բոլոր ծախսերը հոգացել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը (WVS): Հայաստանում առյուծների համար ապահովված կարանտինային փուլին կհաջորդի ևս մեկը, այս անգամ՝ բրիտանական Manor Wildlife Park-ում: Այնուհետև առյուծները կտեղափոխվեն ժամանակակից չափորոշիչներով կառուցված՝ Peak Wildlife Park-ի ապաստարան:
Նախագծի շրջանակում FPWC-ի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվելու է եռակողմ համագործակցության հուշագիր, որը կամրագրի վայրի կենդանիների միջև հնարավոր միջադեպերի կանոնակարգված, մասնագիտական կառավարման հարցում կողմերի պատրաստակամությունը: Ավելի վաղ համագործակցության հուշագիր է ստորագրվել FPWC-ի և WVS-ի միջև: Նախագծին իր երկարաժամկետ աջարկցությունն է հայտնել FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ կենտրոնին հատկացնելով նորագույն տեխնիկայով համալրված շտապօգնության ավտոմեքենա:
«Երբ մարդիկ սովորեն ընդունել, պահպանել բնությունը և չխանգարեն դրա ինքնակարգավորման գործընթացին՝ զգալի առաջընթաց կարձանագրվի ոչ միայն ֆաունայի և ֆլորայի, այլև` հասարակության ինքնագիտակցության մեջ: Եթե մենք այս ամենը համարենք երկրորդական՝ տխուր հետևանքներով լի երկիր կփոխանցենք ապագա սերունդներին: Պարտվողական կեցվածքը, սակայն, հատուկ չէ մեր ազգին. Մենք պետք է համարձակ լինենք, ընդունենք մարտահրավերը և շարունակենք աշխարհին ապացուցել, որ քաղաքակրթությունը դրսևորվում է ոչ թե խոսքերով, այլ ապրած կյանքով ու վարքագծով: Մենք այս տրամաբանության կողմնակից ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վայրի բնության փրկարար կենտրոնի փորձագիտական խմբի կազմը կներկայացնեն FPWC-ի, ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները:
Վայրի բնության մեջ կամ քաղաքային միջավայրում մարդկային գործունեության հետևանքով խոցելի իրավիճակում հայտնված (և/կամ վտանգ ներկայացնող) կենդանիներին զննելու է մասնագետների խումբը, որի եզրակացության հիման վրա, ըստ անհրաժեշտության տրամադրվելու է համապատասխան բուժօգնություն և խնամք: Դրան հաջորդելու է միջազգային ապաստարաններից կենդանիների վերադարձը վայրի բնություն:
Փրկարար կենտրոնի թիրախում են լինելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկային միջամտությամբ վայրի բնությանը հասցված վնասը, անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող կենդանիները, դրանց հանդեպ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան