18 տարեկանից պարտադիր զինծառայության անցնելու վերաբերյալ պատգամավորների օրինագիծը դարձյալ հետաձգվեց
Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի ու Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ 18 տարեկանից առանց տարկետման իրավունքի պարտադիր զինծառայության անցնելու մասին:
Հիշեցնենք՝ «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումը արդեն երկրորդ անգամ հետաձգվեց: Այս փոփոխություններով, առաջարկվում էր, որ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները պարտադիր պետք է զորակոչվեն բանակ:
Նախագծերը դեռ նախորդ տարի մեկ տարով հետաձգվել էին. Այն ժամանակ կառավարությունն էր մերժել, իսկ այս անգամ հետաձգումը պատգամավորների ցանկությունն էր: Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ ինքը այս նախագծի վերաբերյալ խոսել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ, պայմանավորվել են, և համաձայնել են, որ կառավարությունը նույն օրինագիծը կներկայացնի՝ որոշ լրացումներով:
Պատգամավորների ներկայացմամբ, կառավարությունից իրենց հավաստիացրել են, որ նախագիծը խորհրդարան կներկայացվի առաջիկա տասն օրերի ընթացքում:
«Ներկայացվելիք նախագծում լինելու են հատուկ դեպքեր, որը իմունիտետ կապահովի այդ ոլորտներում ընդգրկված ուսանողների նկատմամբ՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ, շախմատային գրոսմայստերներ: Յուրաքանչյուր պետություն օրենքն ընդունում է՝ ելնելով իր պետության առանձնահատկություններից: Այսօր մեր ընտրությունը չէ լինել բանակ-պետություն, մեր ճակատագիրն է, իսկ դա նշանակում է, որ առավելագույնս կարողանալ օգտագործել մեր ռեսուրսները», -հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին