ՀՀ ԿԳՆ-ն Ջավախք ուղարկվող դասագրքերով այլևս չի զբաղվում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայումս չի կարող աջակցություն ցուցաբերել Վրաստանի կրթության նախարարության հետ բանակցություններում, քանի որ պաշտոնական ձևակերպումը պահանջում է ֆինանսական փաստաթղթեր, որոնցում երևում է դասագրքեր ձեռքբերած գերատեսչության անվանումը, որը հանդիսանում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ջավախք ինֆո-ի հարցին, թե ՀՀ ԿԳՆ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Ջավախքում հայալեզու կրթությանը նպաստելու և այդ ոլորտում առկա խնդիրները թեթևացնելու համար, այսպիսի պատասխան է տվել ՀՀ ԿԳՆ-ն:
«Ջավախք ինֆո»-ն ՀՀ ԿՆԳ-ից հետաքրքրվել էր, թե անցյալ տարի Հայաստանից Ջավախքի հայկական դպրոցներին ի՞նչ դասագրքեր են ուղարկվել, և արդյոք ՀՀ ԿԳՆ-ն չի գնահատել Ջավախքի դպրոցների կարիքները՝ ճիշտ և ծրագրային գրքեր ուղարկելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանի՝ մասնավորապես Ջավախքի հայկական դպրոցներին հայոց լեզվի և գրականության դասագրքեր ուղարկվել էր 2015 թվականի նոյեմբեր ամսին: Ավելի քան 5000 կտոր «Մայրենի լեզվի» դասագիրք ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով հասել էր Ջավախք, որը ենթադրաբար պիտի բաժանվեր դպրոցականներին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ դասագրքերը չեն համապատասխանում այն ծրագրերին, որոնցով դասվանդում են Ջավախքի դպրոցներում, ավելին` այդ դասագրքերով չեն դասավանդում Հայաստանի և Արցախի ոչ մի դպրոցում:
ՀՀ ԿԳՆ-ն նշել է, որ, այո, նման բան եղել է, սակայն իրենք 2013 թվականից ի վեր այդ հարցերով չեն զբաղվում:
ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի տրամադրած տվյալների համաձայն, Վրաստանի հանրային դպրոցներին հայերենի ուսուցմամբ դասագրքերի տրամադրումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացրել է 2002-2013թթ.: Առաքման գործընթացն իրականացվել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ` ուսումնական գրականությունը Վրաստանի որպես հումանիտար բեռ ճանաչելուց հետո:
2009-2013թթ., ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Վրաստանի դպրոցներին տրամադրվել է 61522 կտոր գրականություն` համաձայն հետևյալ բաշխման. 2009-2010թթ.՝ 32060, 2011թ.՝ 7138, 2012թ.՝ 7569, 2013թ.՝ 14755:
«Մայրենի լեզվով կրթություն ստանալու խնդիրը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող ամենասուր խնդիրներից է: Կա «Մայրենի լեզվի» և «Գրականության» դասագրքերի լուրջ պակաս: Բացի դրանից, Վրաստանում տպագրված և հայկական դպրոցներին առաքվող դասագրքերում բազմաթիվ փաստական և ուղղագրական սխալներ կան: Բիլինգված ուսուցման ծրագրով նախատեսված՝ թեմաների կեսը հայերեն են, վերնագրերը և մյուս մասը՝վրացերեն, ինչը հայաբնակ տարածաշրջանում ապրող և վրացերենին լիարժեք չտիրապետող երեխայի համար հավելյալ դժվարություն է»,- գրված է կայքում: