Գ. Պետրոսյան. Շեշտը դնում ենք տեղական սորտերի սերմնաբուծության վրա
Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներն այժմ շեշտը դնում են սերմնաբուծության զարգացման վրա:
«Հիմնականում բանջարեղենի տեղական սորտերի սերմնաբուծությունն է այսօր զարգացում ապրում»,-Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով, դրա համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ՝ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում այսօր հագեցված է ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով իրականացվում է պտղի լվացում, կտրատում, սերմի անջատում, սերմի լվացում, չորացում, փայելցում, կշռում, փաթեթավորում, ախտահանում և այլն:
«Այս տարվանից սկսած բոլոր այս միջոցառումները կիրականացվեն մեքենայացված, որի արդյունքում կմեծանա արտադրողականությունը, արտադրովող սերմի մաքրությունը և որակը: Կարծում եմ, որ մեր շուկայի պահանջարկի մեծ մասը կբավարարի տեղական սերմի առաջարկը»,-կարծիք հայտնեց Գ. Պետրոսյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ շուկայում տեղական սերմի գներն ավելի մատչելի կլինեն:
Պետրոսյանն ասաց, որ այսօր Հայաստան բանջարեղենների սերմեր են ներկրվում ամենատարբեր երկրներից՝ ԵԱՏՄ, եվրոպական, ասիական. «Շուկան շատ ընդարձակ է, կա մրցունակություն: Վստահ եմ, որ տեղականի արտադրության պարագայում բանջարեղենների որոշ սորտերի սերմերի ներմուծում կլինի»: