Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը հյուրախաղեր կունենա Չինաստանում
Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը մայիսի 10-23-ը հյուրախաղերով կլինի Չինաստանում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ քառյակը՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազով, 6 համերգ կունենա Չինաստանի 6 քաղաքներում։ Ներկայացվելու են Բախի, Մոցարտի, Բիզեյի, Չայկովսկու, Պրոկոֆևի, Ռախմանինովի, Բեռնսթայնի, Խաչատրյանի, Հարությունյանի հանրահայտ ստեղծագործությունները՝ փոխադրված հատուկ այս քառյակի համար: Փոխադրումները կատարել է Անդրանիկ Բերբերյանը։
Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է։ Քառյակն օրերս թողարկել է իր անդրանիկ ձայնասկավառակը։
Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում գործում է 4 անսամբլ՝ Փայտափողային կվինտետ, Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային կվարտետ, Աբգար Մուրադյանի անվան դուետ, Ղազարոս Սարյանի լարային քառյակ: