Թոմ դե Վաալ. Արդյո՞ք այս ճգնաժամը հնարավոր է զսպել
«Ապրիլյան բռնությունների չորս օրերը հալեցին սերունդներ ձգվող ղարաբաղյան հակամարտությունը: Չենք չափազանցնի, եթե ասենք, որ կողմերը երկու կամ երեք քայլ հեռու են բոսնիական պատերազմի տիպի կոնֆլիկտից, որը կորստաբեր կլինի ավելի լայն ռեգիոնի համար», - Politico պարբերականում գրում է Քարնեգի հիմնադրամում Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմ դե Վաալը:
«Արդյո՞ք այս ճգնաժամը հնարավոր է զսպել, մինչ այն նորից կլարվի», - հարցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով միջազգային ամենահեղինակավոր փորձագետներից մեկը և շարունակում»,-«Առաջին հերթին մենք պետք է մարտահրավեր նետենք մի սովորական դարձած ընկալման, այն է թե Ռուսաստանը կարող է լցնել առաջացած անվտանգային վակուումը և կառավարել կոնֆլիկտը: Բայց Ռուսաստանի խնդիրն այն է, որ միաժամանակ միջնորդական ջանքերով է հանդես գալիս և նաև ապակայունացնում է հակամարտությունը: Ռուսաստանը զենք է վաճառում երկու կողմերին էլ: Ադրբեջանի սպառազինությունների 85%-ը Ռուսաստանից է գալիս», - գրում է դե Վաալը:
«Այս հավասարակշռող խաղը նշանակում է, որ Ռուսաստանը անկարող է օրակարգ թելադրել Ղարաբաղում: Թե՛ Բաքուն, թե՛ Երևանը կասկածամիտ են Ռուսաստանի նպատակների հարցում: Հատկապես Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ նոր մտահոգությունները նշանակալից են: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խոչընդոտել ռեգիոնում խաղաղապահներ տեղակայելու Ռուսաստանի մտադրություններին: Եվ հետևաբար այն մտայնությունները, թե «Ռուսաստանը կարող է կառավարել իրավիճակը» տեղին չեն: Սա մարտահրավեր է նաև ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Նրանցից որևէ մեկը չկարողացավ հավասարակշռված միջազգային նախաձեռնություն առաջարկել այս հարցում», - պնդում է հեղինակը:
«Եթե այժմ որևէ առաջընթաց չգրանցվի, նոր կռիվ կարող է սկսվել հունիսի վերջին Բաքվում անցկացվելիք Ֆորմուլա 1-ի մրցումներից հետո», - եզրահանգում է դե Վաալը: