«Նուբարաշեն» ՔԿՀ-ն արդեն նոր պետ ունի
Մայիսի 6-ին «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը: Այդ մասին այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն:
Ավելի վաղ panorama.am-ը վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները։
Պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու համար հիմք էր հանդիսացել այն, որ դատախազության կողմից ստուգումների արդյունքում ի հայտ էին եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել էր քրեական գործ, որն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նկատենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետ Սերոբ Հարությունյանը մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
- Առգրավել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղադրված տեսախցիկները, հարուցել քրգործ
- «Նուբարաշեն»-ի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վարուժան Եղիազարյանը
- «Նուբարաշեն»-ի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել են