Թալալյան եղբայրների անվան փառատոնին հնչելու են հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնն նվիրում է անվանի երաժիշտների ծննդյան` Առնո Բաբաջանյան (95), Էդվարդ Միրզոյան (95), Գերոնտի Թալալյան (90), Միխայիլ Կոկժաև (70), Դ.Շոստակովիչ (110), Բ. Բարտոկ (135), Վ.Ա. Մոցարտ (260) և մահվան` Ն.Մետնեռ (65), Ռ. Շուման (160), Ա. Վիվալդի ( 275), Ջ. Պերգոլեզի ( 280) հոբելյաններին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին փառատոնի մամուլի ծառայությունից:
Այս տարի փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված ալտի և թավջութակի համար: Փառատոնը կհյուրընկալի անվանի երաժիշտների` դաշնակահար Դմիտրի Նովգորոդսկի (ԱՄՆ), ջութակահարներ Անի Աղաբեկյան (Գերմանիա), Տիգրան Հախումյան (Գերմանիա), Տիգրան Մահտեսյան (Բելգիա):
Արդեն 3-րդ տարին է փառատոնը համագործակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ( գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), ում հետ այս տարի ելույթ կունենան պատանի (12-13 տարեկան) շնորհալի թավջութակահարներ:
Փառատոնի բացումը կայանալու է մայիսի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում հնչելու է Վ. Ա. Մոցարտի, Ռ.Շումանի, Բ. Բարտոկի, Դ. Շոստակովիչի ստեղծագործություններից: Համերգին մասնակցելու են դաշնակահար Դմիտրի Նովգորոդսկին, ջութակահարներ Անի Աղաբեկյանը, Մերի Մարգարյան, Սոնա Ազարյան, դուետ «Արս լունգա» դուետ (թավջութակահար Արամ Թալալյան և դաշնակահար Ջուլիետա Վարդանյան), ալտահար Յանա Դարյանը:
Մայիսի 26-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալու է հոբելյանական համերգ՝ նվիրված Միխայիլ Կոկժաևի 70-ամյակին: Փառատոնային համերգներ են կայանալու նաև հունիսի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հունիսի 29-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, հուլիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգը նվիրվելու է Է. Միրզոյանի (95) և Գ. Թալալյանի (90) հոբելյաններին:
Փառատոնն իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Արամ Թալալյանը, տնօրենը՝ Ջուլիետա Վարդանյանը: Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում