Այն միակ անգամը, որ մենք կքվեարկենք Արցախի ճանաչման համար, դա մեկ անգամ է լինելու. Լևոն Զուրաբյան
Առանց միջազգային համապատասխան աջակցության ձևավորման ճանաչել Արցախի անկախությունը նշանակում է, որ Հայաստանն ինքն իրեն դնում է միջազգային մեկուսացման մեջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ պատգամավորի, չի բացառվում, որ այդպիսով Հայաստանի նկատմամբ միջազգային հանրությունը պատժամիջոցներ սկսի:
«Միջազգային հանրությունը շատ հստակ ասում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել միակողմանիորեն: Միջազգային քաղաքականություն հասկացող ցանկացած մարդու համար պարզ է՝ Հայաստանը ճանաչելով Լեռնային ղարաբաղի անկախությունը վնասում է ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին», -հայտարարեց Զուրաբյանը:
Հարցին, թե պատգամավորներ Փոստանջյանի և Բագրատյանի ներկայացրած Արցախը ճանաչելու մասին օրինագծին, որն այժմ խորհրդարանում է, ինչպես է քվեարկելու ՀԱԿ-ը, Զուրաբյանը պատասխանեց.
«Մենք, չեմ կարծում, թե դեմ կքվեարկենք: Այն միակ անգամը, որ մենք կքվեարկենք Ղարաբաղի ճանաչման համար, դա մեկ անգամ է լինելու և մենք քվեարկելու ենք կողմ: Բայց երբ տեսնում ենք, որ պահը չի եկել, մենք համարում ենք, որ ավելի լավ է ընդհանրապես չքվեարկենք: Մեր ձեռքը չպիտի գնա դեմ քվեարկելու, անգամ ձեռնպահ քվեարկելու»:
Դիտարկմանը, թե բանակցությունների սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթով տարածքներից զինվորականների դուրսբերման մասին հարց կարծես թե կա, Զուրաբյանն արձագանքեց, որ իրենք իրավասու չեն մեկնաբանել այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը հատկապես, եթե չգիտեն հարցի լուծման ինչ «դետալներ» են քննարկվում:
«Իսկ դետալներից շատ բան է կախված՝ մեկ ստորակետ մի կողմ, մեկ ստորակետ մեկ այլ կողմ և շատ բան կարող է փոխվել: Մեկ ստորակետով կարող է պարզվել տարածքները պետք է տաս կամ չպետք է տաս: Ես չեմ ցանկանա մեկնաբանել փաստաթուղթը, մինչև դա չհապարակվի», -հավելեց Զուրաբյանը:
Նա հերթական անգամ ասաց, որ իրենք, որպես ընդդիմություն, պատերազմական այս իրավիճակում ցուցաբերելու են պետական մտածողություն, իսկ իշխանափոխության գործընթացը հետին պլան է մղվում:
«Եթե 2008 թվականից ի վեր մենք զբաղված ենք եղել իշխանափոխության գործընթացով, ապա այս իրավիճակում, երբ պատերազմի վտանգը կա, ընդդիմությունը պետք է ցույց տա պետական մտածողություն, և ընդդիմության միակ խնդիրը պետք է լինի ապահովել մեր զինվորների ոգին, ուժը խրամատներում և ընդհանուր ազգային միասնականության մթնոլորտը: Պետական իշխանությունը նման պատերազմական ճգնաժամային իրավիճակներում երկու բանում պետք է համոզված լինի, որ իր բանակը ոգևորված կռվելու է թշնամու դեմ, կա միասնականության գաղափար և երկրորդը բանակցություններում իշխանությունը պետք է իրեն ուժեղ զգա: Ինչքան ուժեղ զգա, այնքան կոշտ, հստակ կդնի իր պահանջները», -հայտարարեց Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան