Ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին. ՌԴ դեսպան
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլնիկինը՝ պատասխանելով Արցախում ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին հարցին:
Դիտարկմանը, թե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Վոլնիկինը արձագանքեց. «Այս հարցում իմ կարծիքն այն է, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ոչ մի զենքով երբեք պետք չէ լուծել այս հակամարտությունը: Այս հակամարտությունը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ: Այլ ճանապարհ չկա»:
Լրագրողը նկատեց, որ այլ ձև, ճիշտ է, հնարավոր չէ, բայց միևնույնն է Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Ի պատասխան, սակայն, դեսպանը դիմեց լրագրողին, ասելով. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:
Լրագրողը հիշեցրեց, որ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հայտարարություններ բազմիցս արել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, դեսպանը ի պատասխան նկատեց. «Ռուսաստանը Հայաստանին ևս զենք է վաճառում»:
Ասաց ու հեռացավ լրագրողներից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան