Վարչապետ. Պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց հայի ազատատենչ ոգու մասին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը:
Այս տոնը հայ ժողովրդի միասնականության, խաղաղ ապրելու և արարելու, համերաշխության և նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է:
Մեծ է հայ ժողովրդի ներդրումն երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում և մենք հպարտությամբ ենք հիշում հարյուր հազարավոր հայորդիներին, ովքեր Մեծ հայրենականում իրենց անձնազոհությամբ, սխրանքներով, նաև կյանքի գնով կերտեցին այլատյացության, բռնության և նվաճման դեմ հաղթանակը:
Հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ 1992 թվականին վերականգնել պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին: Մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և հանուն Արցախի ազատության և ինքնորոշման, կանխեց արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը:
Այս պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց հայի ազատատենչ ոգու և վճռականության հարատևության մասին:
Հպարտ ենք, որ այսօր էլ հայ զինվորը վստահորեն և ամուր կանգնած է սահմանների առաջնագծում՝ իրականացնելով իր առջև դրված մարտական խնդիրներն ու ապահովելով Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի անվտանգությունը:
Փառք տալով մեր զոհված հերոսներին` կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ հաղթանակների առթիվ և Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին, Շուշիի ազատագրման մեր մարտիկներին, հայրենիքի պաշտպան այսօրվա մեր հերոսներին մաղթում քաջառողջություն, նորանոր հաղթանակներ և խաղաղ երկինք»: