Ադրբեջանն այժմ պատերազմ վերսկսելու ավելի լուրջ պատճառներ ունի. քաղաքագետ
Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններ սկսելը չպետք է բացառել, քանի որ այժմ պատերազմ վերսկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան մինչ ապրիլյան պատերազմն էր,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Չորսօրյա պատերազմում ձախողումն ադրբեջանական կողմին բավականին լուրջ քաղաքական խաղաթղթերից զրկեց: Այսուհետև, օրինակ, նրանք բանակցությունների սեղանին չեն կարող պատերազմ չվերսկսելը ներկայացնել որպես զիջում, չեն կարող հիմնավորել իրենց տարածքներ հանձնելու պահանջը, որովհետև եթե նախկինում ասում էին, որ հզոր են, ռազմաքաղաքական պոտենցիալը մի քանի անգամ գերակշռում է, այլևս չեն կարող ասել: Հիմա Ադրբեջանը քաղաքական նման թեզերից զրկվել է, սրան գումարվել է ներքին խնդիրները»,- նշեց քաղաքագետը:
Ըստ նրա, տարիներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությանը վստահեցրել է, որ կարճ ժամանակում կհասնեն Ստեփանակերտ, կհաղթեն, ռազմական մեծ ծախսերը հիմնավորել է պատերազմի անհրաժեշտությամբ, սակայն այժմ արդեն ակնհայտ է, որ ռազմական ծախսերն ապարդյուն են, չունի ռազմական գերակայություն: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, նման պայմաններում Ադրբեջանին պետք է լուրջ իրավիճակային փոփոխություն: Այստեղ, ըստ քաղաքագետի, երկու տարբերակ է հնարավոր՝ քաղաքական, ռազմական:
«Քաղաքական տեսակետից մենք տեսնում ենք, որ Հայաստանը բոլոր արգելքները դրեց, այս անգամ կարողացավ ռազմի դաշտում հաղթանակը նաև քաղաքական գործոն դարձնել, բանակցային գործընթաց վերադառնալու համար նախապայմաններ առաջ քաշեց:
Քաղաքական տեսակետից Ադրբեջանն այլևս հասկանում է, որ իրավիճակ է փոխվել, հայկական կողմը բանակցային գործընթացում իրեն նախկին տրամաբանության մեջ չի պահելու: Ավելին՝ Արցախի անկախության ճանաչման նախապատրաստական որոշ աշխատանքներ տարվեցին: Փաստացի վերջնական փուլում է գտնվում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հասկանում է, որ քաղաքական տեսակետից խնդիրները շատ են:
Հետևաբար, քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի համար իրավիճակը փոխելու միակ ճանապարհը մնում է ռազմական գործողությունը, որին էլ պատրաստ չէ:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով ապրիլյան սկզբի ռազմական գոծողությունների և հայկական կողմի քայլերի մասին, ասաց, որ թեև սոցիալ-տնտեսական ոլորտներում կան բավական թերություններ, սակայն մեկ ոլորտում՝ պաշտպանության ապահովման, տնային աշխատանքը լավ է կատարված:
«Իհարկե, ինչ-որ չափով զգոնություն էր թուլացել, չէինք սպասում լայնածավալ նման գործողությունների, բայց Հայաստանի Զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կարողացան կասեցնել թշնամու գրոհը, անցնել հակահարձակման ու վերադարձնել տարածքային կորուստների բացարձակ մեծամասնությունը: Կարծում եմ՝ սա հնարավոր էր բացառապես ժամանակին նախապատրաստված լինելու հանգամաքնով»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի, հակամարտություններում ռազմական բախումներն ամենավերջին փուլն են, իսկ պայքարը, մրցակցությունը սկսվում է շատ ավելի վաղ, այդ ամենին պետք է շուտ պատրաստվել:
«Միայն այդ պարագայում կարող ենք արդյունքներ ունենալ»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին