Արցախի ներկա և նախկին նախագահները մասնակցել են տոնին նվիրված միջոցառումներին
Մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նույն օրը Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը և Արկադի Ղուկասյանն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մասնակցել հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Ղարաբաղի վերածնունդ» ֆոտոցուցահանդեսի բացմանն ու «Արցախ-Վերածնունդ» գրքի շնորհանդեսին և Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած մոմավառությանը:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից: