Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության Նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և մամուլի միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի, ՌԴ սահմանպահ ծառայության, պատվո պահակախմբի ստորաբաժանումների, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների և Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:
Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց և շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ` վետերաններին հետաքրքրող հարցերի շուրջ: