Արցախի ճերմակազգեստ գեղեցկուհին
Արցախյան պատերազմը նոր էջ գրեց ոչ միայն հայկական ազատագրական պայքարի, այլև Ղազանչեցոց եկեղեցու պատմության մեջ: Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին, սակայն եկեղեցու վրա դեռևս կան ականների հետքերը, որոնք վկայում են ավերածությունների, ռմբակոծությունների ծանր ու դժվարին օրերի մասին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքում գրված է, որ XVI-XIX դդ Արցախում կառուցված հուշարձաններից գմբեթավոր են ընդամենը ինը եկեղեցի, որոնցից հինգը Շուշիում են: Դրանցից մեկը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Այն կառուցելիս ղարաբաղցի շինարարները օգտագործել են հայկական ճարտարապետության հին ավանդույթները և վերադարձել գմբեթավոր կառույցների տիպին, որն ամենատարածվածն էր հայկական ճարտարապետության նախորդ շրջաններում՝ VI-VII և IX-XIV դարերում: Ղազանչեցոց եկեղեցին այն ինը կառույցներից մեկն է, որն ի ցույց դրեց հայ վարպետների ճարտարապետական գլուխգործոցներ ստեղծելու տաղանդը:
Քաղաքի ուղիղ կենտրոնում կառուցված եկեղեցին զգալիորեն բարձր է բոլոր շենքերից և շրջապատի կանաչապատ բլուրների համայնապատկերին կարծես իշխում է ոչ միայն սարահարթին, այլև Կարկառի ընդարձակ հովտին: Ղազանչեցոց եկեղեցու հատակագծային և ծավալատարածական լուծումը որոշակի ընդհանրություն ունի Էջմիածնի Մայր տաճարի հետ: Եկեղեցին կառուցելու ընթացքում, տաճարի հատակը մաքրելիս, բացվել է մի կարևոր արձանագրություն, ինչը վկայում է, որ եկեղեցին կառուցել են հայ վարպետը և ճարտարապետը:
Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Շուշիի կենտրոնում՝ իբրև ճերմակ հագած պահապան հրեշտակ, Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:
Եկեղեցուց փոքր ինչ հեռու տեղադրված եռահարկ զանգակատան քարաշեն շղթան հայ քանդակագործական արվեստի գեղեցիկ նմուշ է: Զանգակատան արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ներկայիս եկեղեցուց տասը տարի առաջ: Այս անսովոր հանգամանքը (սովորաբար կառուցվում է եկեղեցին, հետո միայն՝ գմբեթը, զանգակատունը) ենթադրում է, որ այստեղ եղել է XVIII դարում կառուցված եկեղեցի, դարձյալ Ղազանչեցոց անունով, սակայն, հավանաբար աղքատիկ ճարտարապետական արժեքներով: Դրա համար էլ այն քանդվել է և նրա տեղում կառուցվել է նոր, փառահեղ տաճար:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Նախքան Շուշիի ազատագրումը՝ կատարվել էր կազմակերպչական իդեալական աշխատանք. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Շուշին ազատագրելուց հետո մեր տղաներն այնտեղ գտան Թուրքիայի դրոշը. Ա.Հարությունյան
- 24 տարի առաջ այս օրն ազատագրվեց Շուշին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում