«Նյու Յորք Թայմս»-ը՝ Խծաբերդի մասին
Հայաստանցի լուսանկարչուհի Անահիտ Հայրապետյանը «Նյու Յորք Թայմս» պարբերականին պատմել է Արցախի լեռնային գյուղի՝ իր հայրենի Խծաբերդի մասին:
Անահիտը վստահեցնում է, ուր էլ որ լինի, ամեն օր սկայպով խոսում է իր տատիկի հետ: Այդպիսով նա տեղեկանում է հայրենի գյուղի անցուդարձի մասին: Տատ ու թոռ խոսում են ամեն ինչի մասին՝ թե ինչքան կաթ է տվել կովն այդ օրը, ինչպես են դարեր շարունակ նույն գյուղում ապրող ընտանիքների անդամները:
«Եթե դուք գնաք այնտեղ, կիմանաք, թե ով եմ ես, թե ինչու եմ սիրում այն: Այն գեղեցիկ հանգստավայր չէ: Փոքրիկ գյուղ է՝ 40 ընտանիքներով, հին տներով, որոնք կպած են իրար: Եկեղեցին այրվել է ու չի վերանորոգվել: Բայց ես ինձ նման եմ այնտեղ»,-պարբերականին ասել է 34-ամյա Ա. Հայրապետյանը:
Խծաբերդի բնակիչներն էթնիկ հայեր են, ինչպես Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը: 1988-ին էթնիկ հայերը քվեարկեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու օգտին, ինչից հետո մուսուլման ադրբեջանցիների ու քրիստոնյա հայերի միջև կռիվ սկսվեց: 20 հազար մարդ սպանվեց, մոտ 1 մլն մարդ տեղահանվեց մինչև 1994 թվականի հրադադարը: Պարբերականը նշում է, որ անցած ամիս էլ այստեղ ռազմական գործողություններ սկսվեցին:
Անահիտը ծնվել է Խծաբերդում, բայց մեծացել է Աբովյան քաղաքում: Նա ամառային արձակուրդներն անցկացրել է տատիկի տանը՝ լսելով նրա պատմությունները, հիանալով դաշտերով, կթելով ոչխարներին: Իդեալական ժամանակներ էին:
1988-ի պատերազմի ժամանակ նա գյուղում է եղել: Շատ տներ ավերվեցին, խծաբերդցի 7 երիտասարդ սպանվեց: Գյուղացիները երկար ժամանակ վշտի մեջ էին:
«Հինգ տարի շարունակ նույնիսկ հարսանիքների ժամանակ ոչ մեկ երաժշտություն չէր նվագում: Ամեն շաբաթ օր գյուղի բոլոր բնակիչները գերեզմանատներ էին գնում, լսվում էր կանանց լացի ձայնը»,-պատմել է լուսանկարչուհին:
Հայրապետյանը Երևանում World Press Photo դասընթացին մասնակցելիս հենց Խծաբերդում էլ սկսել է լուսանկարել: Չնայած նա լավ էր ճանաչում ամեն ինչ ու բոլորին, բայց շատ դժվար ժամանակներ էին:
«Այնքան կորուստ ու ցավ կար յուրաքանչյու ընտանիքի պատմության մեջ»,-ասել է նա:
Պարբերականը հրապարակել է նաև Հայրապետյանի՝ Խծաբերդում արած լուսանկարները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: