«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Ղազարյանի հիշատակին նվիրված միջոցառում՝ Լեոյի դպրոցում
1994թ Օմարի լեռնանցքում քաջաբար զոհված, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Ղազարյան մայիսի 20-ին կդառնա 41 տարեկան:
«Այսօր վերապրում եմ այն, ինչ զգացել եմ 94 թվականին, երբ որդիս զոհվեց: Ցավ եմ ապրում, որ նորից ազգի սերուցքը պատերազմին զոհ է գնում, իմ որդին էլ էր 20 տարեկան, երբ զոհվեց»,-այսօր Լեոյի անվան թիվ 65 դպրոցում, որի շրջանավարտն էր նաև Գևորգը, նրա հիշտականին նվիրված ցերեկույցի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց մայրը՝ Լյուդմիլա Ղազարյանը:
Մայրը պատմեց, որ Գևորգը բնավորությամբ շատ փափուկ էր համբերատար ու ընկերասեր էր, սակայն զինվորական ընկերները նրան «կոշտ» էին ասում՝ պատերազմի դաշտում քաջաբար կռվելու համար. «Մարտի դաշտ մեկնելուց առաջ՝դեկտեմբերի 31-ին, շատ կարճ ժամանակով եկավ տուն՝մեզ թողնելով իր վերջին լուսանկարը: Ծանր ու դաժան կռիվ էր ընթանում Քելբաջարում: Գևորգս զոհվեց իր հրամանատարի հետ: Տեսնելով հրամանատարին ծանր վիրավոր վիճակում, մոտեցել է, որ փրկի նրան, այդ ժամանակ էլ ազերիների խումբը հարձակվել է: Որպեսզի գերի չընկնեն, գրկելով հրամանատարին, Գևորգը քաշում է վերջին նռնակի օղակը՝ ոչնչացնելով նաև թշնամու մոտեցող խմբին»:
Լյուդմիլա Ղազարյանը բոլոր զինվորների մայրերին համբերություն մաղթեց, իսկ զինվորներն՝ ուժ ու զգուշություն՝ «քանի որ մեր կողքին դարավոր թշնամի ունենք»:
Լեոյի անվան համար 65 ավագ դպրոցի տնօրեն Ռաֆայել Բարսեղյանն էլ նշեց, որ դպրոցն ունի հինգ շրջանավարտ և մեկ ուսուցիչ հերոսներ. «Այսօր էլ մեր շրջանավարտներից 35-40 հոգի ծառայում են Արցախում»: