Կամավորականների համար աշխատանքային երաշխիքներ կսահմանվեն
Կառավարությունում մտադիր են սահմանել կամավորի կարգավիճակը և առաջնագիծ մեկնած կամավորի համար աշխատանքային երաշխիքներ սահմանել:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով զոհված զինծառայողների ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությունների ճակատագիրը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ աշխատանքները ավարտական փուլում են գտնվում:
Նախարարի ներկայացմամբ, բացի այդ ուղղությամբ օրենսդրական աշխատանքներից, նաև օրենսդրորեն կսահմանվի կամավորի կարգավիճակը:
«Կամավորների կարգավիճակի հաստատման առումով օրենսդրական խնդիր ունենք և այդ ուղղությամբ աշխատում ենք: Բացի այդ, հստակեցվում են սոցիալական երաշխիքները», -ասաց նախարար Ասատրյանը:
Մյուս խնդիրը, ըստ Ասատրյանի, կամավորների աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգումն էր:
«Այդ առումով ևս նախատեսվել է օրենսդրական նախաձեռնություն, տվյալ դեպքում Աշխատանքային օրենսգրքի հետ կապված, որպեսզի աշխատանքային երևաշխիքներ նախատեսվեն աշխատատեղի առումով», -ներկայացրեց նախարարը:
Պաշտոնյայի տեղեկացմամբ, օրենսդրական նախաձեռնությունները ներկայացվել են պետական համապատասխան մարմիններին և դրանց քննարկումներից հետո կներկայացվեն կառավարության հաստատման: