ՀՀ նախագահը Զալբերի հետ հանդիպմանը ընդգծել է Ադրբեջանի վարքագծին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի, հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին:
Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ Նախագահն ընդգծել է նման անթույլատրելի և դատապարտելի երևույթներին միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների կողմից համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում նշվել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Կողմերը երկուստեք ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: