Շարմազանովը՝ ՌԴ դեսպանի հայտարարության մասին
«Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլնիկինի հայտարարությունը այն փաստի ամրագրումն էր, որ գոնե այս պահին Ռուսաստանը Ադրբեջանին զենք չի վաճառում», -այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հաղթանակի զբոսայգում մայիսի 9-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլնիկինի հայտարարությունը:
Շարմազանովը, սակայն, չկարողացավ ասել, թե արդյոք ՌԴ-ն կշարունակի՞ զենք չվաճառել Ադրբեջանին:
Այդուհանդերձ, ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանը և Ռուսաստանը պետք է շարունակեն յուրաքանչյուրը իր պետական շահից ելնելով, զարգացնել երկկողմ փոխգործակցությունը:
«Ինչ է, եթե ԱՄՆ-ն իր հարաբերությունները զարգացնում է Թուրքիայի հետ, մենք պետք է կանգնենք, ասենք, թե՝ քանի որ ԱՄՆ-ն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, մենք չպետք է զարգացնենք մեր հարաբերություննե՞րը: Դա ճիշտ մտածողություն չէ, այս աշխարհում բոլորը ձգտում են մեկը մյուսի հետ համագործակցության», -հավելեց Շարմազանովը:
Նշենք, որ լրագրողի դիտարկմանը, թե՝ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, դեսպանը դիմել էր լրագրողին, ասելով. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»: