«Հրազդան-ցեմենտ» ընկերությունը կապ չունի Միխայիլ Բաղդասարովի հետ. Արծվիկ Մինասյան
«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը արդեն չորրորդ անգամ է քննարկվում Ազգային ժողովում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ «Հրազդան-ցեմենտ» ընկերության բաժնետերը «ՎՏԲ Հայաստան» Բանկն է, և օրինագծով առաջարկվում է ընկերությանը ազատել հարկերի ուշացման համար սահմանված կամ հաշվարկված տույժերից:
«Այս օրինագիծը հարկային արտոնություն տալու մասին չէ, այլ հարկերի ուշացման համար սահմանված տույժերից ազատելու մասին է: Սա հնարավորություն է, որ գործարանը չլիկվիդացվի և այսպիսով փորձ է արվում պահպանել չորս հարյուր հիսուն աշխատատեղ: Այս արտոնությունը տրվում է գործարանին, որպեսզի պահպանվի գործարանը, որպեսզի ՀՀ այս ոլորտը հանկարծ չհայտնվի վատ վիճակում», -ներկայացրեց նախարար Մինասյանը:
Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, Մինասյանը վստահեցրեց, որ «Հրազդան-ցեմենտ» ընկերությունը կապ չունի Միխայիլ Բաղդասարովի հետ:
«Մեր տրամադրվածությունը որևէ անձի պատասխանտվությունից ազատելու նպատակ չի հետապնդում: Մեր նպատակը մեկ բան է` պահպանել «Հրազդան-ցեմենտ»-ը, հնարավորություն տանք մարդկանց աշխատել», -հավելեց Մինասյանը:
Նշենք, որ այս օրինագիծը ԱԺ նախորդ քառօրյա նիստում տապալվել էր, և քվեարկությունը տեղի չէր ունեցել, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել ՀՀԿ վերնախավում: Կառավարությունը մայիսի 5-ին տեղի ունեցած նիստում հաստատել էր նախագիծը և հերթական անգամ ուղարկել Ազգային ժողով` արտահերթ նիստում քննարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան