Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները. Արցախի վարչապետ
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի կառավարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, վարչապետը ծանոթացել է տեղահանված քաղաքացիների բնակության կենսապայմաններին և քննարկել նրանց վերադարձի հետ կապված մի շարք հարցեր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ինչպես տարհանման ընթացքում, այնպես էլ վերադարձից հետո կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:
«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան