«Հրազդան-ցեմենտ» -ի դեպքում խոսք չի գնում կանխամտածված կամ չարամիտ հարկեր չվճարելու մասին. նախարար
««Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կրկին Ազգային ժողովում է երկու պատճառով,- Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե ինչո՞ւ է նախագիծն առանց փոփոխությունների ենթարկելու կրկին բերվել ԱԺ:
«Նախ՝ համոզված ենք այս նախագծի ճշմարտացիության մեջ, ընկերությանը հնարավորություն է տրվում փրկելու, շուկայում իր դիրքրեը վերականգնելու, անհրաժեշտ մրցակցություն ապահովելու համար: Բացի այդ՝ լուծվելու է տնտեսական կարևորագույն նախաձեռնության՝ ի դեմս արտադրության կազմակերպման»,- ասաց նախարարը:
Միաժամանակ նա հավելեց, որ այս նախաձեռնությունը բացարձակ բավարար չէ ընկերության վերականգնողական ծրագրի իրականացման առումով, քանի որ 37-40 տարի առաջ ստեղծված ընկերությունում հիմնական միջոցների մեծ մասը մաշված են, կարիք ունեն վերազինման:
«Այսինքն կարիք ունի զգալի, մեծ ծավալի ներդրումների, բայց տեխնոլոգիական առաջին հոսքը հնարավորություն է տալիս այս պայմաններում շահագործել: Եթե չշահագործենք, որոշ ժամանակ հետո նույնպես դուրս կգա շարքից: Հետևաբար այդ տեսակետից պարզ է կառավարության ցանկությունը, որպեսզի հնարավորինս բոլոր պայմանները ստեղծի ձեռնարկության գործունեությունը շարունակելու համար, կրկնում եմ՝ առանց որևէ անձի, քաղաքացու նկատմամբ հովանավորություն իրականացնելու: Եթե պետք է որակեք հովանավորություն, ապա հովանավորություն տրվում է տնտեսությանը, այն քաղաքացիներին, ովքեր աշխատում են այդ գործարանում»,- ասաց Ա.Մինասյանը:
Պատասխանելով Լ. Զուրաբյանի մեկ այլ հարցի, թե որքա՞ն ժամանակում և ինչո՞ւ են կուտակվել պարքտերը, տուժերը, «սովորաբար հարկայինը բավական դաժան է, օպերատիվ է գործում նման իրավիճակներում, թույլ չի տալիս, որ պարտքեր կուտակվեն», էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կուտակվել է սկսած 2008-2009 թվականներից մինչև 2015 թվականը, այսօր էլ կան կուտակվող պարտավորությունները:
«Պարտավորությունների հիմնական մասն առաջացել է ոչ թե այն պատճառով, որ գումար ունեցել են, բայց հարկերը չեն վճարել, այլ անհրաժեշտ գումար չի ունեցել հարկերը վճարելու համար: Տվյալ դեպքում խոսք չի գնում կանխամտածված կամ չարամիտ հարկեր չվճարելու մասին: Եթե այդպիսի իրավիճակ առաջանար, վստահեցնում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն, դատախազությունը, որոնց պարտականությունն էր քրեական գործ հարուցել, անպայման ձեռնարկած կլինեին»,- ասաց նա՝ ընգծելով, որ երկրորդ շարժառիչ չկա, հիմնական նպատակն է հնարավորություն տալ ձեռնարկությանը բնականոն ճանապարհով դուրս գալ այս իրավիակից:
Նշենք, որ այս օրինագիծը ԱԺ նախորդ քառօրյա նիստում տապալվել էր, և քվեարկությունը տեղի չէր ունեցել, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել ՀՀԿ վերնախավում: Կառավարությունը մայիսի 5-ին տեղի ունեցած նիստում հաստատել էր նախագիծը և հերթական անգամ ուղարկել Ազգային ժողով` արտահերթ նիստում քննարկելու համար: