Ճիշտ կլինի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարին ընտրի թատրոնի անձնակազմը. բալետային խմբի ղեկավար
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվանից մի քանի օր անց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը լրագրողներին ասել էր, որ թատրոնը պետք է անպայման ունենա գեղարվեստական ղեկավար:
«Ես եմ հրավիրում գեղարվեստական ղեկավարին, բայց դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չեմ արել, մոտ ժամանակներս չեմ անի: Դա մեր կողմից գեղեցիկ չէ: Մեկ-երկու ամիս պետք է սպասել»,- մասնավորապես ասել էր նա:
Մինչ օրս թատրոնը դեռ չունի գեղարվեստական ղեկավար: Այսօր թատրոնի անձնակազմի շրջանում հնչում են կարծիքներ, որ՝ «ավելի ճիշտ կլինի թատրոնի աշխատակիցներն ընտրեն գեղարվեստական ղեկավար»:
Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի բալետային խմբի ղեկավար Բորիս Էմինյանի կարծիքով, գեղարվեստական ղեկավար պետք է ընտրվի թատրոնի անձնակազմի կողմից, ինչպես երկրի նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից:
«Կցանկանայի, որ ընտրությամբ լիներ, ամեն մեկն իր կարծիքը յուրովի կհայտներ: Այդպես ավելի ճիշտ կլինի: Ընկերներով զրուցել ենք, բոլորս էլ կողմնակից ենք, որ ընտրություն լինի: Իհարկե, որևէ մեկը չի իմանա՝ ով ում է ընտրել, բայց գոնե կլինի արդարություն: Այդ դեպքում նաև ավելի հեշտ կլինի հետագայում որևէ բան պահանջելը, քանի որ եթե ժողովուրդն ընտրում է, ինքը կարողանում է պահանջել, հարց է դնում՝ մենք են ձեզ ընտրել, որ լավ լինի, ամենաշատը՝ թատրոնի, կոլեկտիվի համար: Եթե այդ ամեն ինչը գալիս հասնում է նպատակին, ամենավերջում լավ է լինում նաև երկրի համար:
Բացի այդ, ընտրության դեպքում չի անտեսվի նաև արտիստի խոսքը, անձը: Թատրոն է, ստեղծագործական անձնակազմի հետ գործ ունենք, պետք է հարգենք մեկս մյուսին»,- ասաց նա:
Բորիս Էմինյանը նաև այն կարծիքն է, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը պետք է ստանձնի ներսից մի մարդ, ում թատրոնի անձնակազմը ճանաչում է, հարգում, հասկանում է թատրոնի գործից:
«Թատրոնի համար էլ դա լավ կլինի: Կարելի է երիտասարդ սերնդին տեղ տալ»,- նշեց բալետի արտիստը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը մեզ հետ զրույցում նշեց. «Իհարկե, անձնակազմը կարող է կարծիք հայտնել, առաջարկ անել, պետք է հաշվի առնել, բայց վերջնական որոշում կայացնում է տնօրենը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան